(Ղազար Փարպեցի. «Հայոց պատմություն». հատված)
«… որ արդարության /վրա/ գոռոզացած թշնամու ժամանակում արդար քահանայապետ է նստելու սուրբ Գրիգորի տոհմից, եւ քահանայացած առաջինը մեռնելու է կրելով բազում չարչարանքներ կորստյան իշխանի սուտ առաքյալներից եւ վախճանվելու է խաղաղությամբ, ոչ թե սրով։ Եվ նրա մյուս զավակը, հաջորդելով քահանայապետության աթոռին եւ երկար ժամանակ դիմանալով տանջահարությունների ու հարվածների, սովի, հալածանքների ու դառն նեղության, անօրեն իշխանի դահիճների սրով է ընդունելու մարտիրոսական մահը։ Այն, որ գրածի մի մասը քեզ երեւաց կարմրադեղով, ստույգ ճշգրտությամբ հաստատեց մարտիրոսական վախճանը, որ սրբերին է պատահելու։
«Եվ որ արծաթե սկուտեղի վրա շրջան կազմած տղաների բազմություն երեւաց, զվարճացի՛ր ցնծալից ուրախությամբ, որովհետեւ Արարչից քեզ տրված զավակիդ արգանդից պիտի ելնեն բազում շառավիղներ` զորությամբ ընտիր տղամարղիկ, որոնց հետ միաբանելով Հայոց նախարարական տոհմերի քաջ մարդկանց ուրիշ բազմություններ` որոնք զորացած Աստծո սուրբ խոսքով եւ ոչինչ համարելով թագավորների զայրույթներն ու իշխանների սպառնալիքները, իրենց անձերը պիտի միացնեն երկնավոր կոչման բաղձալի հույսին, աչք չդնելով ո՛չ սնոտի մեծություններին, ո՛չ էլ ժամանակավոր փառքերին։ Ընդ որում, ոմանք անեղծ Աստծո փառքերը փոխելով աշխարհիս կյանքի սնոտիի ու ապականացուի հետ, ուրացողներ դարձան. բայց արդեն դռան մոտ է հասել թուլակամների կորուստը եւ, զորացյալների փրկության օգնությունն է հասվեհաս։ Ինչպես որ դու նայելով տեսար, աստվածային սեղանի շուրջ պարող տղաները բնավ չէին նայում սնոտի հեթանոսական պաշտաման խոտորումներին։ Նրանցից ոմանք, կատարելության հասնելով, արժանանալու են մարտիրոսական պսակին։ Իսկ ուրիշները տղամարդկանց բազմություններից, եւ ո՛չ միայն տղամարդկանցից, այլեւ կանանց մեջ կան այնպիսիները, որոնք թեպետեւ ո՛չ սրով, այլ Սուրբ Հոգու շնորհներով զորացած, բազում բարեգործություններով վախճանվեցին։ Ինչպես որ քեզ երեւում էին այն մանուկներից արձակված լուսափայլ ճառագայթները, որոնց մի մասը կարմրագույն էր երփնավառ, գուշակում է նահատակությունը արյամբ վախճանվածների, իսկ ուրիշների բազմերանգ ճառագայթներով շողալը` առաքինի մարդկանց լուսավորության գույները բազմափայլ։ Չէ՞ որ անթիվ-անհամար են սուրբ մարդկանց ճգնություններն ու վաստակները։
«Դու տեսա՞ր այն աթոոը, որ շարժվեց սաստիկ դղրդալով, եւ երբեմն մանուկներն էին երեւում հասունանալով ու կատարելության հասնելով եւ երկրից դեպի երկինք թոչելով համբարձվելիս։ Դա էլ սրբերի երկրային կյանքն է բովանդակում եւ երկնքում նրանց հրեշտականման փոփոխությունը քեզ ցույց տվեց բարյաց պարգեւատուն։ Քանզի աշխարհում մանկական անմեղությամբ ապրեցին արդարները, երբեք իրենց ուշքը չդարձնելով դատարկ զբաղմունքների վրա, այլ ուշադրությամբ սպասում էին միայն երկնային կոչման ուրախալից հրավերին։ Քանի որ այսուհետեւ բազում եւ խիստ դղրդյուններ են լինելու աշխարհում, թագավորների հարձակումներ միմյանց վրա, սովեր ու սասանություններ, բազում նեղություններ, որոնք կորստյան որդու գալուստն են նշանակում, որը գալու եւ նստելու է, ըստ գրվածի՝ սուրբ տեղում` իրեն ձեւացնելով աստված, որը հալ ու մաշ է լինում վերին զորությունից։ Եվ Տեր Հիսուսը նրան պետք Է սատակեցնի Իր բերանի շնչով։ Եվ այն Ժամանակ արդարները կատարյալ վարքով ու առաքինությամբ թռչելու են դեպի Հավիտենության կացարանները եւ այնպես միշտ լինելու են Տիրոջ հետ։ Այդ ժամանակ էլ կատարվում է Տիրոջ խոսքը` ուղղված նրանց, որ ասում է. «ՈՒր որ Ես եմ, այնտեղ էլ Իմ պաշտոնյան պիտի լինի»։
«Եվ դու գրի՛ առ այդ տեսիլքը, որ քեզ հայտնվեց բարձրերից, որովհետեւ դրանից ոչ մի խոսք չպետք Է վրիպի, մինչեւ որ ամեն ինչ կատարվի»։
Հրապարակման պատրաստեց
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԸ